Կանադայի ֆինանսների նախարարությունը հրապարակել է ամերիկյան ապրանքների ցանկը, որոնց համար հուլիսի 1-ից մաքսատուրքերը զգալիորեն կաճեն՝ կապված պողպատի եւ ալյումինի ներմուծման սակագների բարձրացման Վաշինգթոնի որոշման հետ: Համապատասխան փաստաթուղթը կհրապաակվի գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է ապրանքների 2 աղյուսակ: Առաջինում ներառված ապրանքների մաքսատուրքը կաճի 25 տոկոսով, երկրորդ աղյուսակի ապրանքների վրա կսահմանվի 10 տոկոս ակցիզային հարկ: Առաջին ցուցակում մասնավորապես, ընդգրկվել է տարատեսակ մետաղական արտադրանքը, այդ թվում՝ երկաթուղային նշանակության, խողովակները եւ լարերը: Երկրորդ աղյուսակում հիմնականում ներկայացված են սննդամթերք եւ ըմպելիքներ. օրինակ՝ վիսկի, յոգուրտներ, թխկու օշարակ, կոնֆետեղեն, նարնջի հյութ, սուրճ, լվացող միջոցներ, զուգարանի թուղթ, փայլաթիթեղ, խաղաքարտեր եւ քնապարկեր:

«Այդ հակամիջոցները կկիրառվեն միայն ԱՄՆ-ում պատրաստված ապրանքների համար,- նշված է պարզաբանող գրառման մեջ: - Հակամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հուլիսի 1-ից եւ այնքան կգործեն, մինչեւ Միացյալ Նահանգները չեղյալ համարի Կանադայի նկատմամբ իր առեւտրային սահմանափակումները»: Դրանից զատ, մինչեւ հունիսի 15-ը բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կարող են ներկայացնել ցուցակում հայտնված այս կամ այն արտադրանքի վերաբերյալ իրենց եզրակացությունները:

Նախօրեին ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել էր, որ հունիսի 1-ից ամերիկյան վարչակազմը Եվրամիությունից, Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրք կսահմանի՝ պողպատի համար 25 տոկոս եւ ալյումինի համար 10 տոկոս: Նա հիշեցրել էր, որ ԱՄՆ-ն մի շարք երկրների նկատմամբ այս մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարել էր մարտի 23-ին: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչեւ մայիսի 31-ի կեսգիշեր մաքսատուրքի գործողությունը դադարեցրել էր Հարավային Կորեայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ավստրալիայի, Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի համար: