Վիետնամի ազգային պաշտպանության նախարար, բանակի գեներալ Նգո Սուան Լիտը եւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ուրբաթ քննարկել են Հանոյի եւ Վաշինգթոնի համագործակցության հարցերը պաշտպանության եւ անվանգության ոլորտներում: «Թուոյ չե» պարբերականի հաղորդմամբ՝ ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ընթացել է Սինգապուրում, որտեղ նրանք ժամանել են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հարցերով «Շանգրի լա երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Վիետնամի ազգային պաշտպանության նախարարի խոսքով՝ Վիետնամը կարեւոր նշանակություն է տալիս պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում Միացյալ Նահանգների հետ գործընկերությանը, ինչը շոշափելի ավանդ է բերում խաղաղության ամրապնդման, անվտանգության եւ կայունության պահպանման գործում, ինչպես նաեւ տարածաշրջանում բազմակողմ համագործակցության ընդլայնման մեջ: Նգու Սուան Լիտը բարձր է գնահատել պատերազմի հետեւանքների վերացման 2 երկրների փոխգործակցությունը, մասնավորապես ամերիկյան թունավոր քիմիկատներով վարակված տարածքի մաքրման համագործակցության հարցում:

Պենտագոնի ղեկավարն, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ-ն Վիետնամին դիտարկում է որպես Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանցքային գործընկեր: Նրա խոսքով՝ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում Վիետնամի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարաժամկետ փոխգործակցության զարգացումը համապատասխանում է 2 երկրների շահերին: Մեթիսը վիետնամական կողմին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՌԾՈՒ Carl Vinson ատոմային ավիակրի բարձր մակարդակով ընդունելությունը կազմակերպելու համար, որը պատրեազմի տարիներից ի վեր առաջին անգամ մարտին բարեկամական այցով մտել է վիետնամական Դանանգ նավահանգիստ: