2017 թվականին Հայաստանի կառավարությունը 4 միլիոն 521 հազար դրամ է ծախսել օտարերկրյա պատվիրակությունների հյուրընկալման համար: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականին ՀՀ բյուջեի կատարման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Արտերկրյա գործուղումների համար 268 մլն 95 հազար դրամ է ծախսվել: Ըստ Աղաջանյանի՝ կառավարության վարչակազմի կողմից իրականացվող ծրագրի համար 12 միլիարդ 312 միլիոն 368 հազար դրամ է նախատեսված եղել, ծախսերը 18 միլիարդ 827 միլիոն 312 հազար դրամ են կազմել: Տարբերությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրերի մի մասը տարեկան պլան չի ունեցել:
Աղաջանյանը թվարկեց մի շարք իրականացվող ծրագրեր: Դրանց թվում են նաեւ կառավարության ծրագրերի, կյանքի որակի, համայնքների կարիքների գնահատումը պարզելուն ուղղված մի քանի ծրագիր: Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման համար ավելի քան 67 միլիոն է հատկացվել, ծախսվել է ավելի քան 39 միլիոնը:
Շախմատի տարածման եւ տաղանդավոր երեխաների հայտնաբերման համար 127 միլիոն 910 հազար դրամ է հատկացվել: Պետական աշխատողների սոցիալական փաթեթների համար հատկացվել է ավելի քան 18 մլն դրամ: Որոշ գումար ծախսվել է նաեւ ացտոմեքենաների եւ կառավարության շենքի սպասարկման համար:
2017 թվականին ՀՀ կառավարությունն ավելի քան 268 մլն դրամ է ծախսել արտասահմանյան ուղեւորությունների համար

Հասանելի է
русский



























