Իրակլի Շոթաձեն շատ արժանի քայլ արեց եւ մի պահ անգամ կասկածի տակ չդրեց դատախազության հեղինակությունը, եւ, դրանից ելնելով, մենք պետք է սկսենք նոր գլխավոր դատախազի ընտրության գործընթացը: Այս մասին Վրաստանի կառավարության վարչակազմում կազմակերված հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է Georgia Online- ը:

Վարչապետի խոսքով՝ նոր գլխավոր դատախազը պետք է ընտրվի հասարակության ավելի լայն շերտերի ներգրավմամբ եւ լեգիտիմացիայով:

«Ես կոչ եմ անում եւ արդեն իսկ հանձնարարել եմ արդարադատության նախարարին, որպեսզի նոր գլխավոր դատախազն ընտրվի հասարակության ավելի լայն շերտերի ներգրավմամբ եւ լեգիտիմացիայով: Գործընթացին պետք է մասնակցեն բոլոր խորհրդարանական խմբակցությունները, քաղաքացիական հասարակությունը, ոչ կառավարական հատվածը եւ մեր ողջ հասարակությունը, որպեսզի որեւէ կասկած չլիլի նոր գլխավոր դատախազի հեղինակության կամ մասնագիտական հատկանիշների վերաբերյալ»,- հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ այս գործընթացը կավարտվի օրենքով սահմանված ժամկետների առավել արդյունավետ օգտագործմամբ: «Իհարկե, այս քայլերով մենք կարձագանքենք հասարակության պահանջներին», - ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին: