Հայաստանն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն իսլամական աշխարհի երկրների հետ: ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է հպարտանալ քաղաքակրթությունների խաչմերուկում գոյության իր հսկայական փորձով, բազմաթիվ իսլամական եղբայրների եւ քույրերի հետ համագործակցությամբ: «Քաղաքակրթությունների երկխոսությունը մեզ համար բնական վիճակ է եղել դարեր շարունակ: Միջպետական հարաբերություններում գործընկերների լայն շրջանակ կա նաեւ Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում»,- նշեց նախարարը:

Պատասխանելով Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշման վերաբերյալ հարցին՝ նախարարը նշեց, որ կազմակերպության անդամներից մեկի կողմից որոշակի հարցերի վերաբերյալ շահարկումների փորձերն ակնհայտ են: «Մենք կոչ ենք անում աջակցել խաղաղությանը, օգնել ժողովուրդներին կարգավորման ուղիներ գտնել»,- ասել է նախարարը: