ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնում:

«Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

Դա հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ: Ըստ ԱԱԾ-ի, «Ալեքս Հոլդինգը» իր աշխատակիցների, նրանց ծանոթների անվամբ գրանցել է 461 ԱՁ-ներ, որոնք գործունեություն են ծավալել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում:

Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ:

Ավելի ուշ մի շարք սուպերմարկետների ցանցերի ղեկավարներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ եթե աշխատեն ԱԱՀ 20 տոկոս հարկի պայմաններում գյուղմթերքի գների կայունությունը կարող է հայտնվել ռիսկի տակ:

Դրան հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:

«Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում մսամթերքի գինն աճել է 18-20 տոկոսով: