«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ընդունել:
Այս առնչությամբ ՀԱԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նիստ, որն ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Կոնգրեսի առաջարկությունների փաթեթը։ Այդ կապակցությամբ կուսակցության հայտարարությունը կհրապարակվի հունիսի 4-ին:
Հայաստանում մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրությունների անցկացման, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությանն անդրադարձ կա ՀՀ կառավարության ծրագրում:
Մասնավորապես կառավարությունն անհրաժեշտ է համարում ԸՕ-ում կատարվելիք փոփոխություններով հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձեւավորել նոր` իրական պատկերն արտահայտող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով, բացառել կրկնաքվեարկությունների հնարավորությունը` քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով, օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերին անվճար եւ վճարովի հիմունքներով եթերաժամերի տրամադրումն ամենադիտվող ժամերին, բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը:





























