Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն այսօր՝ հունիսի 4-ին, ընդունել է Օնտարիոյի օրենսդիր ժողովի նախկին խոսնակ, Օնտարիոյի նախկին պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Դեյվիդ Ուորներին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Վահրամ Բալայանը հույս է հայտնել, որ Դեյվիդ Ուորների  գործադրած ջանքերը նոր լիցք կհաղորդեն  հայ-կանադական հարաբերությունների ամրապնդմանը:

«Կարծում եմ, այն փոփոխությունները, որ տեղի են ունենում Արցախում վերջին տարիներին, վկայում են այն մասին, որ մենք ժողովրդավարության ինստիտուտների ստեղծման ճանապարհին  հաջողություններ ունենք», - նշել է Վահրամ Բալայանը:

Այնուհետ ԱԺ նախագահի տեղակալը անդրադարձել  է խորհրդարանում կուսակցությունների ներկայացվածությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեյվիդ Ուորները նշել է, որ շատ տպավորված է իր առաջին այցով Հայաստան , Արցախ եւ բացահայտել  երբեմնի ցանկությունը՝ այս երկու  երկրների ժողովրդի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին:

«Հիմնական խնդիրը անվտանգության խնդիրն է, եւ միջազգային հանրությունը պարտավոր է առնվազն հարգի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հասցեագրված դատապարտի Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունը», - ընդգծել է Դեյվիդ Ուորները:

Հանդիպմանը մասնակցել է Արցախի պառլամենտականների ասոցիացիայի նախագահ Համլետ Գրիգորյանը եւ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը: