Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց իրավունքներին: Այս մասին ահղորդագրություն է տարածել Հայաստանի ՄԻՊ գրասենյակը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին եւ ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը Մարդու իրավունքների պաշտպանը նախեւառաջ դիտարկում է այդ անձանց անձնական ազատության եւ արդար դատաքննության իրավունքների երաշխավորման տեսանկյունից: Մյուս կողմից, պետք է նկատի ունենալ նաեւ ազատությունից զրկված անձի անվտանգության շահն ու նրա պաշտպանության անհրաժեշտությունը:

Ոստիկանությունը, որպես ազատությունից զրկված անձանց դատարան չտեղափոխելու հրապարակային հիմնավորում, նշում է, որ ստացված են եղել օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ ազատությունից զրկված մյուս անձանց աջակիցները կարող են շրջափակել դատարանի շենքը եւ դատական նիստից հետո թույլ չտալ նրանց տեղափոխել քրեակատարողական հիմնարկներ: Ուստի, ըստ Ոստիկանության՝ Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուսներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել նրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին Ոստիկանությունը ներկայացրել է բանավոր պարզաբանում նաեւ այն մասին, որ ազատությունից զրկվածներին դատարան չտեղափոխելը պայմանավորված է եղել տեխնիկական պատճառներով:

Կոնկրետ իրավիճակում Մարդու իրավունքների պաշտպանը հաշվի է առնում նաեւ այն, որ ըստ ազատությունից զրկվածների փաստաբանների՝ դատարանը պետք է քննարկեր իրենց պաշտպանյալներից որոշներին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություններ: Դրանից բացի, ազատությունից զրկված մի քանի անձ Պաշտպանի աշխատակազմ են ներկայացրել բողոքներ՝ կապված Ոստիկանության կողմից դատարան չտեղափոխվելու եւ իրենց իրավունքների իրականացմանը խոչընդոտելու հետ: Նրանք նույնը պնդել են նաեւ քրեակատարողական հիմնարկում Պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ անձնական ազատության եւ արդար դատաքննության իրավունքները սահմանադրական արժեքներ են, որոնք ապահովող բարձրագույն մարմինը դատարանն է: Դատական որոշման հիման վրա ազատությունից զրկված անձի տեղափոխումը դատարան նպատակ է հետապնդում երաշխավորել այդ անձի մասնակցությունը դատարանի կողմից նախապես նշանակված դատական նիստի: Ոստիկանության կողմից այս պարտականության կատարումն այդ անձի նշված իրավունքների իրացման անհրաժեշտ պայման է: Ոստիկանությունն իր այդ պարտականությունը պետք է կատարի՝ գործելով այդ նպատակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին խիստ համապատասխան:

Ազատությունից զրկված անձին դատարան չտեղափոխելը նրա անվտանգության ապահովման նկատառումով յուրաքանչյուր դեպքում պետք է  հիմնավորվի ծանրակշիռ փաստարկներով՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է դատական իշխանության մարմնի որոշման կատարմանը եւ անձի սահմանադրական իրավունքներին: Միշտ պետք է նկատի ունենալ, որ Ոստիկանության կողմից այդ պարտականության չկատարման ռիսկն անձի գտնվելն է անազատության մեջ առանց դատական պատշաճ ստուգման եւ դատավարության կոնկրետ փուլում արդար դատաքննության հնարավորությունից նրա զրկվելը: Այլ կերպ՝ ազատությունից զրկված անձի անվտանգության շահի հակակշռումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի այն աստիճանի հիմնավոր, որ հնարավոր լինի հաղթահարել անձնական ազատության ու արդար դատաքննության իրավունքների երաշխավորման բարձր շահը եւ իրավապահ մարմնի կողմից դատարանի որոշման պահանջի չկատարումը:

Մարդու իրավունքների պաշտպանը, առաջնորդվելով նշված սկզբունքներով, կոնկրետ իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանին եւ ազատությունից զրկված մյուս անձանց Ոստիկանության կողմից դատարան տեղափոխելու պարտականությունը չկատարելը եւ այդ առնչությամբ բերվող պատճառաբանությունները համարում է անընդունելի:

Ուստի, ստեղծված իրավիճակում նշված անձանց դատարան չտեղափոխելը ոչ իրավաչափ միջամտություն է նրանց անձնական ազատության եւ արդար դատաքննության իրավունքների իրականացմանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ: Ոստիկանությանը հասցեագրվել է համապատասխան գրություն: