Ստեփանակերտում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները՝ Արցախի ուժային ղեկավարների հրաժարականի պահանջով:
Ցուցարարները փակել են Արցախի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը եւ պահանջում են ոստիկանապետ Կամո Աղաջանյանի, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղահրամյանի, հատուկջոկատայինների ղեկավար Աշոտ Գրիգորյանի եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի հրաժարականը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնող խմբի անդամները ցույցի ժամանակ հայտարարել են, որ Բակո Սահակյանի հետ հանդիպումն իրենց չի գոհացրել:
Նշենք, որ ցույցերին զուգահեռ խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Դրանից հետո Արցախում բողոքի ակցիաներ են սկսվել:





























