Կառավարության ծրագրում խնդիր է դրվել հրաժարվել արտաբյուջեներից, քանի որ շատ դեպքերում դա եղել է ստվերային դրամարկղ, որը տվյալ կառույցի ղեկավարը ոնց ուզել տնօրինել է: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2017 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ինչ էլ հիմա ասեք, հավաստի չի լինելու, որովհետեւ եթե արտաբյուջե է, այդտեղ մեծ տոկոս է կազմում տվյալ կառույցի ղեկավարի սուբյեկտիվ մոտեցումը հանրային գումարներին: Չե՞ք կարծում, որ դրանք պետք է հանվեն»,-ասաց նա՝ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նախ նկատեց, որ հարցի մեջ արդեն իսկ կանխակալ վերաբերմունք կա, քանի որ պատգամավորը հայտարարում է, թե ինչ էլ պատասխանեն, միեւնույն է, չի վստահում. «Չի կարող որեւէ պետական մարմնի ղեկավարն ինքնուրույն տնօրինել մի բան, որի նախահաշիվը հաստատում է կառավարությունը: Հանրությունը հնարավորություն ունի տեսնելու, թե ուր են գնում արտաբյուջեները»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց, թե որեւէ մեկի համար գաղտնիք չէ, թե կառավարությունում մինչ այս ինչպես է որոշումները կայացվել. «Դուք՝ որպես մերձ կառավարությանը, վստահաբար, ոչ որոշում կայացնող, բայց խաղի կանոններին տեղյակ, գիտեք՝ ինչպես է եղել: Ես գտնում եմ, որ արտաբյուջեներ չպետք է լինեն, եթե կարելի է բյուջեով կարգավորել»:




























