Թյուր կարծիք է, որ արտաբյուջեն կարող է մնալ, բայց ամբողջ աշխարհում ակնհայտ է, որ մինչեւ անգամ իդեալական կառավարություն ունենալու պարագայում այդ հարցը չպիտի լինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2017 թվականի պետբյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Ի՞նչ արտաբյուջետային շրջանառություն, դա կրիմինալ ինստիտուտ է, ստվերային շրջանառություն է: Օրինակ՝ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի եկամուտը որտեղի՞ց է ձեւավորվում՝ ինչքան շատ բռնենք, տուգանենք, իրավախախտում ֆիքսենք, այնքան շատ արտաբյուջետային կլինի, Դուք դա համարում եք ճի՞շտ: Նման բան չի կարող լինել:
Արտաբյուջետային ֆոնդերը պետք է հանել եւ շպրտել դուրս: Կառավարությունը ծախսերի կարեւորության սկզբունքով կարող է համապատասխան հատկացում իրականացնել, առավել եւս, որ կառավարությունն ունի պահուստային ֆոնդ:
Եթե դուք ողջունում եք արտաբյուջետային ֆոնդերը, ապա բոլոր նախարարությունների համար ստեղծեք, ինչո՞ւ հատկապես ուժային գերատեսչությունները պետք է ունենան արտաբյուջետային ֆոնդ, երբ տարիներ շարունակ չենք կարողանում դրա թափանցիկությունը տեսնել»,- ընդգծեց Վարդան Բոստանջյան:
Ի պատասխան Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ պատգամավորը գրեթե հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, որտեղ կա կրիմինալ, ստվերային շրջանառություն:
«Աշխարհի փորձին եկեք չանդրադառնանք, որովհետեւ կա եւ լավ փորձ, եւ վատ: Այնպես չէ, որ միայն ուժային կառույցներն ունեն արտաբյուջետային ֆոնդ, այդ թվում վիճակագրության կոմիտեն ու ՄԻՊ-ը: Մի սանրով սանրելը ճիշտ չէ»,-ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ ոչ միայն արտաբյուջետային ֆոնդերը, այլեւ բյուջետային ծրագրերը վերահսկվում են. «Պարզապես, արտաբյուջետային ծրագրերը կառավարությունն է հաստատում, իսկ բյուջետայինը՝ խորհրդարանը»:




























