Զոհված դպրոցականի հայրը՝ Զազա Սարալիձեն, որը Թբլիսիի կենտրոնում 5-րդ օրն է՝ բողոքի ակցիա է անցկացնում, հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ կհանդիպի միայն իր պայմաններով, հայտնում է «Sputnik–Грузия»-ն:
Նախօրեին Սարալիձեն որդեկորույս հայր Մալխազ Մաչալիկաշվիլիի հետ հայտարարել էին ընդդիմության ներկայությամբ երկրի վարչապետին հանդիպելու մտադրության մասին: Ի պատասխան Կվիրիկաշվիլին հայտարարել էր տուժողների ընտանիքներին «առանց քաղաքական վարձու անձանց» մասնակցելու պատրաստակամության մասին:
«Ես միայնակ չեմ հանդիպի, ես 6 ամիս խնդրել եմ նման հանդիպման մասին: Ես ինձ ներկայացվող վերջնագրերից արդեն հոգնել եմ: Ես մեկ ժամ կսպասեմ՝ կա՛մ կմտնեմ ընդդիմության բոլոր ներկայացուցիչների հետ, կա՛մ ընդհանրապես չեմ մտնի»,- ասել է Սարալիձեն:
Սարալիձեի հետ տեղում ներկա են Մալխազ Մաչալիկաշվիլին, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները եւ Վրաստանի Ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան:
Լոմջարիան արդեն հանդիպել է կառավարության աշխատակազմի հետ եւ հիմա համաձայնեցնում է կառավարության հետ հանդիպելու ձեւաչափը:
Կառավարության աշխատակազմի շենքի մոտ իրադրությունը, որտեղ պետք է ընթանա հանդիպումը, հանգիստ է:
Զազա Սարալիձեն որոշել էր բողոքի արմատական ձեւի՝ փողոցային ակցիաների դիմել, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը չէր կարողացել պատասխանել հարցին, թե ով է սպանել իր որդուն՝ Դաթո Սարալիձեին: Նրա որդու սպանության մեջ մեղադրվողը դատապարտվել էր միայն սպանության փորձի համար, քանի որ դատախազությունը չէր կարողացել ապացուցել, որ հենց նա է Դաթո Սարալիձեին սպանել:
Սարալիձեն կարծում է, որ դատախազության պաշտոնյաները եւ քննիչները թաքցրել են հանցագործության իրական մանրամասները եւ հովանավորել իր որդու մարդասպանին:
Ավելի ուշ Սարալիձեին էր միացել նաեւ Մալխազ Մաչալիկաշվիլին՝ Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը, որը սպանվել էր ահաբեկչությանն օժանդակելու կասկածանքով հատուկ գործողության ժամանակ: Մաչալիկաշվիլիի որդու մահը մինչ օրս գաղտնիքով է պարուրված՝ ընտանիքը, փաստաբանները եւ հանրությունը կասկածում են, որ Թեմիրլանն անմեղ է, եւ նրան սպանել են սխալմամբ՝ համագյուղացու փոխարեն:





























