Գաղտնիք չէ, որ արագաչափերը եւ տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ամենակարճ ճանապարհներից մեկը՝ որոշ ընտանիքների սարքելով մուլտի միլիարդատերեր: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողկանի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Կառավարության ծրագրում գրված է, որ կվերանայվի տուգանքների պրակտիկան: Հիմա շատ ընտանիքների բնակարաններ գրավի տակ է դրված միայն այն պատճառով, որ տարբեր թփերի տակ տեղադրված են եղել արագաչափեր, որի նպատակը թալանն է եղել: Սա պարզ, հասկանալի ջեբկիրություն է: Հիմա ի՞նչ է փոխվելու»,-դրմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց Զոհրաբյանը:
Ի պատասխան Օսիպյանը նշեց. «Տուգանքների գների նվազեցում է լինելու, նաեւ արագաչափերի վերանայումներ են լինելու, արդյոք արագաչափերը մնան, թե չմնան: Մենք մոտ ժամանակներս հանդես կգանք առաջարկով եւ մինչեւ մեկ ամսվա ընթացքում կներկայացնենք դրանք»:



























