Ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա նշեց, որ իրենք պարտավոր են լինել բաց ու թափանցիկ, հաշվետու քաղաքացիների առջեւ. «Իսկ իրողությունը մեզ մտահոգվելու, կասկածելու առիթներ տվեց: Երկու օր առաջ, երբ մեր կասկածները բավականին հիմնավոր էին, ես հանդիպեցի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, նրան ներկայացրի մեր մտահոգությունները»,-ասաց նա:
Անդրադառնալով տենդերների խնդրին, Սփյուռքի նախարարը նկատեց, որ իր հանձնարարականով ուսումնասիրվել է այդ ոլորտը, որի հետեւանքով պարզվել է, որ առնվազն վերջին 3 տարիներին տենդերները նույն ընկերություններն են շահել. «Դեռ փաստեր չկան, բայց կան խոսակցություններ, որ այդ ՍՊԸ-ն անմիջական կապ է ունեցել ՊՈԱԿ-ի նախկին աշխատակազմի հետ: Դավիթ Սանասարյանի հանձնարարականով կիրականացվի աուդիտ, որի արդյունքում կորոշվի, թե ինչպիսի ընթացք է ստանում քննությունը»,-ընդգծեց նախարարը:




























