ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հերքում է, որ ժամանակին ասել է, թե կսատարի Սերժ Սարգսյանին:

Այսօր՝ հունիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որի՝ 2012թ.-ին իր համախոհների հետ հիմնել է «Ժողովրդավարական Հայաստան» անունով երիտասարդական կուսակցություն, որի մասին տեղեկատվությունը բացակայում է իր ինքնակենսագրականում ու հայտարարել, թե կսատարի Սերժ Սարգսյանին:

«Նման հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ: Երկրորդ՝ ցույց տվեք, որ «Ժողովրդավարական Հայաստան» անունով կուսակցություն երբեւէ Հայաստանի պատմության մեջ գրանցվել է: Եղել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարվել է, որ մի խումբ  21 տարեկան երիտասարդներ ցանկանում են նոր կուսակցություն հիմնել այդ անունով: Սակայն թիմի ներսում շատ արագ խնդիրներ առաջացան, իմ եւ Վաղարշակ Հակոբյանի ընդդիմադիր հայացքները թիմի ներսում պառակտում առաջացավ: Դրա համար մենք անգամ փաստաթղթերը չներկայացրինք պետռեգիստր»,-ասաց նա՝ հավելելով, որ դա շատ հեշտ կարելի է ստուգել:

Լրագրողների դիտարկմանը, թե նախարարի նորանշանակ խորհրդական Վաղարշակ Հակոբյանը շատ երիտասարդ լինելով պայմանավորված չի համապատասխանում այդ պաշտոնին, Սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանն ասաց. «Տարիքի առումով օրենքի խախտում չկա, օրենսդրական խնդիր չկա, աշխատանքային փորձը համապատասխանում է: Նա համապատասխանում է պաշտոնի անձնագրին նախատեսված չափանիշներին: Այդ չափանիշների մեջ 30 տարեկանի դրույթը բացակայում է»: