ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահը Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կաևորում են Ճապոնիայի հետ ձևավորված բարեկամական, գործընկերային հարաբերությունները և բազմաթիվ ոլորտներում ծավալված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորական խոսքերի համար՝ դեսպան Ջուն Յամադան Արմեն Սարգսյանին է փոխանցել իր երկրի ղեկավարության ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը նպաստելու երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և դեսպան Յամադան քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը: