«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հաղորդագրություն է տարածել, անդրադառնալով Ամուլսարի հանքի շինհրապարակի ճանապարհը փակելու ակցիաներին: Նա նշել է, որ այդ սադրանքն ուղղված է ոչ միայն ընկերության, այլեւ երկրի դեմ, քանի որ խոչընդոտում է օրական մի քանի հարյուր հազարի ներդրումների հոսքը:
Հայտարարության մեծ, մասնավորապես, ասվում է.
«Արդեն երկրորդ օրը մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից եւ խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլեւ երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր:
Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբեւէ նախագծված լավագույն ծրագիրն է: Ծրագիրն, ի դեպ, դեռեւս չի շահագործվում եւ գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված եւ ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող եւ կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով:
«Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության եւ ցանկացած այլ չափանիշներով: Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ եւ միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը եւ հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ եւ շուտափույթ լուծում»:




























