ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է առանց օրինական հիմքերի եւ կեղծիքներով անձնագրավորված հերթական քաղաքացու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ էր հարուցվել ՀՀ ոստիկանության ԱՎՎ Ջերմուկի անձնագրային խմբի առաջատար մասնագետ Մարիամ Մկրտչյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով բազմաթիվ անձանց կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու դեպքերի առթիվ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Մ. Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, եւ նրա մասով քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Այնուհետեւ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի շարք անձանց կողմից Ջերմուկի անձնագրային ծառայությունից առանց օրինական հիմքերի տրված անձնագրերն օգտագործելու մասին: Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են մի շարք քրեական գործեր, որոնք միացվել եւ քննվել են մեկ վարույթում:    

Հիշյալ քրեական գործերից մեկով քննություն է տարվել Մ. Մկրտչյանի կողմից առանց օրինական հիմքերի եւ կեղծիքներով անձնագրավորված Արմեն Վեզիրյանի վերաբերյալ, ում անձնագրավորման հիմքերը անձնագրային ծառայության քարտադարանում բացակայել են: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մկրտչյանը Ա. Վեզիրյանին անձնագրավորել է առանց օրինական հիմքերի եւ նրա անձնագրում ակնհայտ կեղծ տվյալ է մտցրել Ջերմուկի Կետչուտ գյուղում վերջինիս հաշվառված լինելու մասին, մինչդեռ Ա. Վեզիրյանը Ջերմուկում երբեւէ հաշվառված չի եղել եւ չի բնակվել: 

Ա. Վեզիրյանը օգտագործել է իր հաշվառման մասին ակնհայտ կեղծ տվյալներ պարունակող հիշյալ անձնագիրը, որը 2017 թվականի սկզբներին փոխանակման եւ այլ հասցեում հաշվառվելու նպատակով  ներկայացրել է Իսպանիայում ՀՀ դեսպանատուն:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքի համար Արմեն Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Վեզիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար: