2017 թվականին կրթության եւ գիտության ոլորտին բյուջետային ծախսերը նախատեսված են եղել 124,4 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 99,6 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«2016 թվականի համեմատ կրթության ոլորտի ծախսերն աճել են 1,6 տոկոսով կամ 2 մլրդ դրամով, բայց դրանք հիմնականում պայմանավորված են արտաքին ոլորտում կատարված ծրագրերի ծախսերի աճով: Այդ միջոցներից 727 մլն դրամն ուղղվել է նախադպրոցական կրթությանը, կատարողականը կազմել է 99,8 տոկոս»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, տարրական եւ միջնակարգ կրթության ոլորտի ծախսերը կատարվել են 100 տոկոսով՝ կազմելով 74,8 մլրդ դրամ, ինչը նախարարության բյուջեի ամենամեծ ծախսն է:

«2017 թվականին ՀՀ տարածքում գործել է 1374 դպրոց: Միջին մասնագիտական կրթության  ոլորտին 6,5 մլրդ դրամ է հատկացվել ուսանողական նպաստներին, 624,3 մլն դրամ՝ միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողների կրթաթոշակների վճարմանը: Այստեղ մեր տվյալներով կան կոռուպցիոն ռիսկեր»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը: