Հայաստանից արտահանումը 2017 թվականին աճել է մոտ 25 տոկոսով, ինչը ինտեգրացիոն գործընթացների զարգացման հստակ ցուցանիշ է: Հունիսի 5-ին այս մասին լրագրողներին ասաց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը:

Ընդ որում, Ռուսաստան արտահանումն աճել է 47 տոկոսով: «Մենք նման ցուցանիշներ դեռ չենք ունեցել: Առաջին անգամ արտահանումը գերազանցել է 2 մլրդ դոլարը: Ավելի ճիշտ, մենք ունեցել ենք 2.2 միլիարդ դոլար: Այս տարի միտումը շարունակվում է»,- պարզաբանեց Թավադյանը:

Միեւնույն ժամանակ, տնտեսագետը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է 37 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 34 տոկոսով, իսկ Ռուսաստան եւ ԵԱՏՄ անդամ երկրներ՝ 47 տոկոսով:

Սակայն Թավադյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսական աճը 2017 թվականին կազմել է ոչ թե 7.5 տոկոս, ինչպես հայտարարել էր նախարարների նախկին կաբինետը, այլ՝ 5 տոկոս: «Ընդհանուր առմամբ, աճը չի ազդի տնտեսության վրա տարբեր պատճառներով: Բանն այն է, որ կառավարությունը պետք է հասկանա՝ կան ցուցանիշներ, որոնք առաջնահերթ են: Հենց այս պրիզմայով է հասարակությունը գնահատական տալիս այս կամ այն տնտեսական աճի վերաբերյալ»,- ասաց փորձագետը՝ պարզաբանելով, որ խոսքը, առաջին հերթին, աշխատավարձերի եւ կենսաթոշակների աճի մասին է:

Ընդ որում, Աշոտ Թավադյանի խոսքով, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հիմնական սպառողական զամբյուղին եւ տնտեսական աճի վերաբերյալ բոլոր հաշվարկներն իրականացնել հենց այդ համատեքստում: