Բյուջեում կան մի շարք տողեր, որոնք շատ խնդրահարույց են. խոսքը մասնավորապես, հայտնի գերազանցության ծրագրին հատկացվող 600 մլն դրամի մասին է: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով, կա մի տող, որը վերաբերում է աշակերտների ամառային հանգստի ծրագրին, որով տրամադրվում է 480 մլն դրամ. «Տարիներ շարունակ այստեղ կայուն թիվ է դրված եղել, հատուկ առաձնացված է, որ հանգստի են գնալու զոհված ազատամարտիկների, հաշմանդամների երեխաները, բայց այդ 480 մլն դրամ թիվը տարօրինակ է: Չի կարող այդ թիվը տարիներ շարունակ չփոխվել»:
Բացի այդը, ըստ նրա, կան շատ տողեր, որոնք դրամաշնորհների ձեւով տրամադրվում են տարբեր ծրագրերի, կան տարբեր ամսագրերի, թերթերի բաժանորդագրություններին տրված մեծ ծախսեր. «Եթե մենք նման բաժանորդագրման կարիք ունեինք, դա պետք է գոնե տենդերներով արվեր, ոչ թե տարբեր գրասենյակներից զանգերի միջոցով հատկացումներ լինեին»:
Արայիկ Հարությունյանը նկատեց, որ շատ մեծ վերապահումներ ունեն վերապատրաստումների հետ կապված. «Կրթության ազգային ինստիտոււտին բավական մեծ գումարներ են գնում: Բայց կարծում ենք, որ դրանք չեն ծառայում իրենց նպատակին: Առաջիկայում նախատեսում ենք ինստիտուտի հիմնական բարեփոխումը, որտեղ կբարձրացվի վերապատրաստումների որակը»:
Նա նշեց, որ որեւէ մեկը չի կտրվում այդ վերապատրաստումներից, ինչը տարօրինակ է:





























