Մենք երկար քննարկումներ ենք ունեցել, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը, եւ եկել ենք այն եզրահանգման, որ այն պետք է ունենա բաղադրիչներ, որոնք պետք է արտացոլեն մեր հասարակութան իրողությունը, այսօրվա քաղաքական իրողությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Պետք է ըստ դրա ունենանք կարճաժամկետ նշաձողեր, որոնք ավելի մանրամասն հետագայում մեր  գործողությունների տեսքով կոնկրետ կտեսնեք: Միաժամանակ, մենք ֆիքսել ենք Հայաստանում առկա քղաքական իրողությունը,  որպեսզի կարողանանք այդ ելակետից կատարել մեր գործողությունը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով, կառավության ծրագիրը առաջնահերթ պետք է լինի տնտեսական ծրագիր. «Մենք բոլորս հասկանում ենք, որ ապրում ենք պատմական ժամանակաշրջանում: Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, որը նախատեսված չէր Սահմանադրությամբ:

Այս երկու շաբաթվա ընթացքում ես փորձել եմ խորամուտ լինել ոլորտի յուրահատկություններին եւ այն առանձնահատուկ խնդիրներին, որոնք ամենօրյա ուշադրություն են պահանջում: Ինձ համար դա լինելու է ելակետ եւ ես արդեն տեղյակ եմ այդ խնդիրներին: Դրանք հիմնականում կապված են սոցիալական ապահովության աջակցյության եւ արդարության սկզբունքի հետ, նաեւ սոցիալական փորձաքննության բազմաթիվ խնդրների հետ»,-ընդգծեց Թանդիլյանը:

Նա նշեց, որ իր առաջնահերթ խնդիրներից է համարում երեխաների խնամքի, պաշտպանության, գործազրկության ու աղքատության խնդիրները. «Ես իսկապես շատ կուզենամ հասկանանք, որ այս նախարարությունը աշխատանքի նախարարություն է, եւ այս առումով կարեւորենք գործազրկությունը եւ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը, նաեւ աշխատանքի ապահովումը եւ դրա մատչելիությունը եւ հասցականությունը»: