Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում 5 օր շարունակվող բողոքի ակցիաներն այսօրվանից դադարեցվել են, այյլեւս փակ փողոցներ չկան:
Այսօր՝ հունիսի 5-ի առավոտյան ցուցարարները հավաքվել են Ազատամարտիկների փողոցում, համակարգող խումբը թեժ քննարկումներից հետո որոշել է համաձայնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի կոչին եւ դադարեցնել բողոքի գործողությունները եւ ժամանակ տալ իրենց պահանջները բավարարելու համար:
Ցուցարարները առավոտյան երթով շարժվել են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ, որտեղ էլ վերջնական որոշում է կայացվել:
Ցույցի ակտիվիստներից Դավիթ Սիմոնյանի խոսքով, իերնք հանրային խորհուրդ են ստեղծել, գրասենյակ են բացել, որի միջոցով իշխանություններին կհասցնեն իրենց պահանջները, որոնք չեն փոխվել: Նրանք պահանջում են Արցախի ԱԱԾ պետի, նրա տեղակալի եւ ոստիկանապետի հրաժարականները: Ցուցարարների մի մասը կարծիք է հայտնել, որ դրանով չպետք է բավարարվել, այդ պաշտոնանկություններին պետք է հետեւեն համակարգային փոփոխություններ:
Ցուցարարները այս պահին բացված գրասենյակներում իրենց բողոքներն են գրավոր ձեւակերպում:
Հիշեցնենք, անցած օրերին ցուցարարները Ստեփանակերտում փակում էին Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին: Ըստ ԼՂ ոստիկանության, վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հունիսի 3-ի երեկոյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանդիպել էր ցուցարարների վեց հոգանոց խմբի հետ, և, ինչպես այսօր խմբի անդամները փոխանցել են փողոցում հավաքվածներին, նախագահն ասել է, թե պատրաստ է գնալ պաշտոնանկությունների, բայց կոնկրետ ժամկետներ չի նշել:
Արդեն երեկ երեկոյան Հայաստանի վարչապետը կոչ արեց դադարեցնել բողոքի ցույցերը Լեռնային Ղարաբաղում:
Նշենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը հորդորել էր «զերծ մնալ ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:





























