Տարիներ շարունակ կրթական համակարգը նստած է եղել կոռուպցիայի թմրասեղի վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա հորդորեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին զբաղվել ԵՄ-ից ստացված տարբեր դրամաշնորհներով, թե ինչպես են դրանք փոշիացվել՝ տվյալ գերատեսչության ղեկավարին կցված, տարբեր «լիպովի» ՀԿ-ներ գրանցելով եւ տարբեր անհեթեթագույն ֆլեշ-մոբեր անելով. «Զբաղվեք, հետաքրքիր թեմա է: Ես կոչ չեմ անում բոլորին հրապարակում կախել, բայց եթե չի լինելու պատասխանատվություն, եթե պետք է հավաքվենք, ասենք, խոսենք ու գնանք մեր գործերով, ոչինչ չի ստացվելու»,-ասաց Զոհրաբյանը:

Ի պատասխան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ինքը միշտ խոսել է կոռուպցիայի մասին, ավելին՝ Երեւանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահ լինելով, լավ գիտի բոլոր այդ սխեմաները:

«Կոռուպցիայի դեմ պայքարի համար նախորդ իշխանություններին տրվել են տասնյակ միլիոնների դոլարի դրամաշնորհներ, բայց դրանք չեն ծառայել այդ նպատակին, քանի որ կրթական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ: Մենք այլեւս նման նպատակի համար գումար չենք հայցի, դրանք փոխարինվելու են, մենք դրամի կարիք չունենք կոռուպցիայի դեմ պայքարի համար, մեր կամքը դրա համար բավարար է»,-ասաց նախարարը: