Ես հասկանում են, որ «Այբ» դպրոցի ղեկավարները շատ երկար ժամանակ փորձում էին բյուջեից հսկայական գումարներ ստանալ, բայց որքան վերլուծում եմ, չեմ հասկանում դրա նպատակահարմարությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ի պատասխան ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս խնդիրը շատ է շահարկվում Սերժ Սարգսյանի խորհրդական Տեր Մեսրոպ Արամյանի կողմից, ով փորձում է խնդրի մեջ ներքաշել «Այբ» դպրոցը. «Մինչդեռ ես խոսել եմ այն խնդիրների մասին, որոնք կապված են եղել Տեր-Մեսրոպ քահանայի քաղաքական գործունեության եւ կրթության ոլորտում նրա ունեցած բացասական դերակատարության, ինչպես նաեւ «Արարատյան բակալավրիատին» հատկացված մեծ գումարների հետ: Մենք մոնիթորինգ ենք անցկացնելու Արարատյան բակալավրիատում, որոշ խնդրահարույց կետեր կան ըստ աուդիտորական ուսումնասիրություն իրականացրած խմբի: Ես կուսումնասիրեմ դրանք եւ կհրապարակեմ»,-ասաց նա:

Նախարարը նկատեց, որ խնդիրը կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումն էր. «Այսինքն մենք ստեղծել ենք գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց վերահսկողության տակ գտնվելու էին բավական լավ գիտելիք ունեցող երեխաներ: Մենք դրանով նվազեցնելու էինք մնացած դպրոցների դերն ու կշիռը, իսկ հետազոտությունը ցույց է տալիս, որ երբ դուրս ես հանում լավ աշակերտներին, ուսուցիչներին, կրթական մթնոլորտը մյուս դպրոցներում թուլանում է: Սա է եղել իմ հիմնական պրետենզիան, մնացածն արդեն դրամական միջոցների արդյունավետության հետ կապված կհրապարակվեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այսօր շատ ավելի հրատապ հարցեր կան, իրենք կոնկրետ «Այբ»-ի «Արարատյան բակալավրիատում» մոնիտորինգ են անցկացնելու եւ առաջիկայում դրանց արդյունքները կհրապարակեն: