Մենք առաջիկա 10-15 տարիներին կարող ենք ունենալ աշխարհի լավագույն կրթական համակարգերից մեկը: Այս մասին, այսօր՝, հունիսի 5-ին, կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով կրթության զարգացման առաջիկա տեսլականը` 5-10 տարիների կտրվածքով:

Նրա խոսքով, դրա համար կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները. եւ’ կրթական ոլորտի մեր ավանդույթները, եւ’ Հայաստանի Հանրապետությունում  այսօր առկա ռեսուրսները թույլ են տալիս  երազել եւ խոսել այդ մասին:

Արայիկ Հարությունյանն այս համատեքստում առանձնացրել է մի քանի կարեւոր սկզբունքային նպատակներ, որոնք պետք է դառնան կրթական արդյունք. «Օրինակ` ինչ վերջնարդյունք ենք ակնկալում հանրակրթության ոլորտում. դպրոցն ավարտող աշակերտը պետք լինի մտածող, վերլուծող, ազատ քաղաքացի: Մենք ժառանգել ենք խորհրդային կրթական համակարգը, որտեղ առավելապես ձեւավորվում էին կարծրատիպերով առաջնորդվող քաղաքացիներ: Խորհրդային ավանդույթի կարծրատիպերից էր նաեւ կրթության որակը կուտակված գիտելիքի մեխանիկական ծավալով գնահատելը, որը մեր համակարգի զարգացման խոչընդոտներից մեկն է:

Մենք ուզում ենք ունենալ ազատ ուսուցիչ, որի խնդիրն է ոչ միայն գիտելիք փոխանցելը, այլեւ աշակերտին սովորեցնել` սովորել»,-նշել է ԿԳ նախարարը եւ հավելել, որ Կառավարության նոր ծրագրում կրթությունն առաջին հերթին դիտարկվում է իրավունք, որի իրացումը պետք է ապահովի պետությունը:

Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին. սա հաջորդ կարեւոր սկզբունքն է. «Վերջերս Փարիզում կայացած Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովում կրթության մատչելիության եւ հասանելիության հարցն ամրագրվել է ավարտական կոմյունիկեում: Կրթության հասանելիության խնդիրը բնորոշ է շատ երկրների. կրթությունը հասանելի է ոչ թե բոլորին, այլ որոշակի շերտերի, եւ սա գլոբալ խնդիր է: Հայաստանն  այս առումով պետք է մի շարք քայլեր իրագործի  ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ եւ երկրաժամկետ կտրվածքով»,-շեշտել է նախարարը:

Կարճաժամկետ կտրվածքով կրթության ոլորտի առաջնային խնդիրները, ըստ նախարարի, երկուսն են՚ համակարգի ապակուսակցականացում եւ կոռուպցիայի դեմ պայքար: «Դպրոցներում եւ բուհերում վերջին տարիներին ձեւավորվել է արատավոր ավանդույթ, երբ կուսակցական տարբեր պատկանելիություն ունեցող ղեկավարները ոլորտում առաջնորդվել են իրենց քաղաքական շահերով, որն առաջացրել է անառողջ միջավայր: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին. տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ խոշոր վարկեր եւ դրամաշնորհներ են հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով: Ու չնայած այս առումով նկատելի արդյունքներ չեն եղել, սակայն մեր որոշ միջազգային գործընկերներ շարունակել են նման միջոցների տրամադրում, ինչը զարմանալի էր: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի համար որեւէ դրամաշնորհ որեւէ միջազգային կառույցից չենք վերցնելու, որովհետեւ գտնում ենք, որ կոռուպցիան վերացնելու  համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, իսկ այդ կամքը նոր կառավարությունն ունի»,- շեշտել է նախարարը: