12-ամյա համակարգի պահպանումը շատ կարեւոր է: Այս մասին, այսօր՝, հունիսի 5-ին, կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, 12-ամյա կրթության  հետ կապված համատարած հանրային դժգոհությունների պատճառն այն է, որ հանրությունը համոզմունք ունի, որ հանրակրթության համակարգում վերջին 3 տարիներին աշակերտները կրթություն չեն ստանում. «Պատճառն այն է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ պատշաճ մակարդակի ծրագրեր չմշակվեցին: Մեր խնդիրն է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթության համակարգին, որպեսզի համատարած դժգոհությունը փարատվի: Որպես մոտեցում շեշտում եմ, որ 12-ամյա համակարգի պահպանումը շատ կարեւոր է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:

Աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագետներ պատրաստելու խնդրին անդրադառնալով` նախարարը նշել է, որ բուհերում մասնագիտությունների ցանկի վերանայման լուրջ քայլերի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում կարեւոր է նաեւ միջին մասնագիտական որակյալ կրթության դերը. «Քոլեջում կամ ուսումնարանում սովորելով՝ կարելի է ավելի կարճ ճանապարհով մտնել աշխատաշուկա: Շատ դեպքերում մարդիկ  գերադասում են բուհ գնալ, որովհետեւ քոլեջն ու ուսումնարանը չեն ապահովում որակյալ կրթություն, սակայն սա չափազանց կարեւոր ոլորտ է»,-նշել է նախարարը: