Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ Հանրապետական կուսակցությունն, անշուշտ, մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին՝ լինի հերթական, թե արտահերթ։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորը հայտարարել է, թե ՀՀԿ–ի՝ քաղաքացու քվեն ստանալու ռեսուրսը կուսակցության անցած փառահեղ ուղին է, հույսը՝ Աստվածը։
Պարոն Շարմազանով, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վստահեցնում էիք , թե խմբակցությունը միասնական է, սակայն մեկ ամիս անց այլ պատկեր է՝ կուսակցությունն ու խմբակցությունը լքում են հենց ՀՀԿ–ի համար ձայն բերող պատգամավորները, ի՞նչ է տեղի ունեցել։ Արթուր Գեւորգյանն ու Արման Սահակյանն են լքել խմբակցությունը, տեղեկություններ կան, որ նրանց հետեւելու են գործարար պատգամավորները։
Յուրաքանչյուր կուսակցությունում կա քաղաքական էլիտա, գաղափարախոսական խումբ եւ կա այն, ինչի մասին խոսում եք, նրանք էլ մեր գործընկերներն են, ձայն են բերել եւ այլն եւ նրանց իրավունքն է։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ որեւէ զարգացում չենք բացառում։ Կան մարդիկ, որ իրենց չեն պատկերացնում ընդդիմության մեջ, սա իրենց իրավունքն է, ես ինձ պատկերացնում եմ բացառապես քաղաքական պայքարի մեջ եւ ազգային պահպանողական բեւեռում, այն գաղափարների շուրջ, որին դավանում է Հանրապետական կուսակցությունը։
Ուզում եք ասել՝ նրանք ՀՀԿ–ում էին բացառապես սեփական շահերի համա՞ր։
Դա Դուք ասացիք, ես չեմ ուզում նման գնահատական տամ։ Տարիներ շարունակ աշխատել ենք, ունեցել ենք գործընկերային հարաբերություններ... Կուսակցության ղեկավարի տեսակետն է եղել՝ եթե կան մարդիկ, ովքեր իրենց ապագան չեն պատկերացնում Հանրապետական կուսակցությունում, բարի ճանապարհ։
Ձեզ համար անակնկա՞լ է, որ լքում են կուսակցությունը։
Ոչ, անակնկալ չէր, ինձ համար անակնկալ կլիներ, եթե մայիսի 8–ին չկարողանայինք քվեարկությունը ապահովել։ Եթե քսան հոգի էլ դուրս գան, ինձ համար անակնկալ չի լինի...
Մինչեւ արտահերթ ընտրությունը կարո՞ղ եք ասել՝ քանի հոգի կմնա խմբակցությունում։
Քաղաքական թեւն՝ ամբողջությամբ, մի քանի տասնյակ կմնան....
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով խմբակցությունը լքող պատգամավորներին՝ հայտարարեց, որ կուսակցությունը ինքնամաքրվում է, համաձա՞յն եք։
Ես չեմ ասում, որ համամիտ չեմ Վահրամ Բաղդասարյանի հետ, բայց ես ունեմ իմ կարծիքը՝ պատգամավորներն են որոշում մնա՞ն, թե՞ հեռանան կուսակցությունից։
Գործող իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ արտահերթ ընտրությունները տեղի կունենան քաղաքական պայմանավորվածության արդյունքում։ Դուք համարո՞ւմ եք, որ այդ գործընթացն արդեն սկսվել է՝ հաշվի առնելով, որ եթե մի քանի հոգի էլ լքեն կուսակցությունն, արդեն հարցը լուծված կարելի է համարել։
Ես չեմ ուզում նայել այսպես, որ Հանրապետականով է միայն հարցը պայմանավորված, ինչի Դաշնակցությունը կո՞ղմ է արտահերթ ընտրություններին։ Երբ որ մենք ասում ենք՝ մեր օրակարգում չկա արտահերթ ընտրությունների հարց, ասում ենք այն, ինչ կա կառավարության ծրագրում։ Այսինքն՝ մենք ասում ենք, որ այսօր՝ ամառվա ընթացքում չկա մեր օրակարգում հարցը։ Իսկ ծրագրում գրված է մինչեւ մեկ տարի, մեկ տարվա եւ հիմայի միջեւ տարբերություն կա։
Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրին ինչպե՞ս եք քվեարկելու։
Երկու կարծիք կա, որ երկուսն էլ իրավունք ունեն գոյություն ունենալ։ Առաջինը, որ պետք է հնարավորություն տանք կառավարության ծրագիրը ընդունել եւ դա տրամաբանական է, երկրորդը՝ պետք է քվեարկենք՝ ըստ բովանդակության։ Ես նայել եմ ծրագիրը, եւ կասեմ՝ դա բարեմաղթանքների ժողովածու է, որտեղ բացի արտահերթ ընտրություններից որեւէ հստակ մեսիջ չկա։
Այդուհանդերձ ՀՀԿ–ն ծրագրին կո՞ղմ է քվեարկելու։
Ես անձնապես հակված եմ դեմ քվեարկել, բայց խմբակցությունը կորոշի։ Ի տարբերություն այսօրվա ծրագրի՝ մեր ծրագրում թվերը հստակ էին...
Որոնք թղթի վրա էլ մնացին...
Եթե մեր ծրագրերը իրագործվեին, մենք կմնայինք իշխանության։ ՀՀԿ–ին հանգիստ թողեք, ՀՀԿ–ն հեռացել է իշխանությունից, եւ հիմա ոչ թե պետք է քննարկենք ՀՀԿ–ի նախորդ ծրագրերը, այլ նայենք ապագային։ ՀՀԿ–ի ցանկացած ծրագիր ավելի իրատեսական էր, քան սա։
ՀՀԿ–ն մասնակցելո՞ւ է արտահերթ ընտրություններին։
Հանրապետականը դասական ուժ է, Հայաստանի քաղաքական համակարգը առանց Հանրապետական կուսակցության ես չեմ պատկերացնում։ ՀՀԿ–ն պարտավոր է մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, եթե դու քաղաքական կուսակցություն ես ու չես մասնակցում ընտրություններին, վերածվում ես ՍՊԸ–ի։
Թեկուզ մեկ տարի անց տեղի ունեցող ընտրություններին ՀՀԿ–ն ի՞նչ հույսով է մասնակցելու։
Մեր հույսը միշտ Աստված է, սա մեկ, երկրորդը՝ քաղաքական առումով երկու կարեւոր շեշտադրում անեմ։ Այսօր վաղ է խոսել հույսերից, լույսերից եւ արտահերթ ընտրություններից, քանի որ չկա կոնկրետ ժամանակահատված, երկրորդ՝ իրողությունները կարող են փոխվել դեպի լավը կամ վատը...
Իրողություն կարո՞ղ է փոխվել ՀՀԿ–ի օգտին։
Ինձ համար կարեւոր է, որ պետության օգտին լինի։ Երբ որ լինի քաղաքական գործընթաց եւ քարոզարշավ, կխոսենք։ Ես գտնում եմ, որ ՀՀԿ–ն պետք իր ծանրակշիռ տեղն ունենա հաջորդ խորհրդարանում։
Սպասվող ընտրություններում ընտրակաշառքը քրեորեն պատժվելու է, ՀՀԿ–ի նկատմամբ էլ հանրության վերաբերմունքը լավագույնս արտահայտվեց ապրիլ–մայիսին։ Այս պայմաններում ի՞նչ ռեսուրսով եք մասնակցելու եւ քանի տոկոսի ակնկալիքով։
Տոկսների մասին կխոսենք քարոզարշավի ժամանակ, մեկ տարվա մեջ շատ բան կարող է փոխվել։ ՀՀԿ–ի ռեսուրսը իր անցած փառահեղ ուղին է, իր լիդերը, իր պրոֆեսիոնալ թիմը, որը ոչ մեկ չունի։ ՀՀԿ–ի դարդով մի տառապեք, մենք միշտ էլ մաքուր ընտրություններում ենք այդքան հավաքել...
7–8 տոկոսի հավակնություն ունե՞ք։
Չէ, մենք թվերից չենք խոսում, Դուք ինչի՞ եք թվերից խոսում, կարող է ավելի շատ լինի, կարող է՝ ավելի քիչ։




























