Հանրային հեռուստաընկերութունը տարիներ շարունակ եղել է իշխանամետ գովազդային ընկերություն, բացառությամբ մշակութային որոշ ծրագրերի: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը:
«Այն ինչ կատարվեց երկրում, դրանից դուք պետք է հասկանայիք, որ ձեր նախկին պատվիրատուներն այնքան էլ շնորհակալ չեղան ձեզ այսքան տարիների ձեր իշխանամետ գովազդի համար: Հենց նախկին իշխանությունները տեսան, որ Հանրային հեռուստաընկերությամբ լուսաբանվում է ԱԺ հարցուպատասխանը, կամ հայտարարությունների ժամը, հատկապես ընդդիմադիր գործիչների: Նախկին իշխանության ներկայացուցիչներն արդեն իրենց ֆեյսբուքյան էջերում գրառումներ էին անում եւ ասում՝ տղերք, այդպես մի վարվեք, մենք տեսնում ենք վարչապետի դեմքը, իսկ մեր դեմքը չենք տեսնում: Այդ մարդիկ սովորել էին, որ տարիներ շարունակ Հանրայինում իրենք պետք է լինեն հոլիվուդյան աստղեր: Երբ դուք կդառնաք իսկապես հանրային, այս բոլոր խնդիրները կվերանան»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էր ֆեյսբուքի իր էջում դժգոհել, թե Հանրային հեռուստատեսությունը իր հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի ցուցադրել:




























