Որքան է կազմում ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի աշխատավարձը եւ որքան է կազմում Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի աշխատավարձը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով հիշյալ երկու անձանց:

«Նշեք նաեւ Հանրայինի ծառայողական մեքենաների թիվը: Ուզում ենք հասկանալ, թե մեր հարկերի հաշվին որքան ծառայողական մեքենաներ եք գնել օգտագործել վերջին տարվա ընթացքում, ինչպես եք վարվել բենզինի ծախսի հետ»,-ասաց նա:

Ջաղինյանը փորձեց խուսափել պատասխանից նշելով, որ իր եւ Հանրայինի տնօրենի աշխատավարձը այնքան է, որքան եղել է իրենց նախորդներինը: «Դժվա՞ր է թիվն ասել»,-հարցրեց Բագրատյանը, ինչին ջաղինյանը պատասխանեց՝ 485 հազար դրամ:

«Մեզ մոտ հեռուստառադիոխորհրդում ոչ մի մեքենա չի նորացվել: 12 տարվա BMW է, որը ես մինչեւ հիմա օգտագործում եմ: Հանրայինում շատ փոփոխություններ են եղել, լրատվականում ավելացել է մեքենա, իսկ խորհրդում ոչինչ չի փոխվել»,-ասաց Ջաղինյանը՝ այդպես էլ չնշելով, թե քանի մեքենա է սպասարկում Հանրային հեռուստաընկերությանը: