Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մոտ ապագայում Ռուսաստանի մասնակցությամբ «մեծ ութնյակի» ձեւաչափին վերադառնալու հնարավորություն չի տեսնում: «Ղրիմի միացումը Ռուսաստանին միջազգային իրավունքի հստակ խախտում էր», ուստի Ռուսաստանի Դաշնությունը խոշորագույն արդյունաբերական պետությունների հանդիպումներից դուրս բերելու որոշումը ճիշտ էր, հայտարարել է նա՝ պատասխանելով Բունդեսթագի պատգամավորների հարցերին, փոծանցում է DW-ն:

Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հարցերի շուրջ ինտենսիվ երկխոսության շարունակման անհրաժեշտությունը, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: «Ես Ռուսաստանի հետ բանակցություններ եմ վարում, սակայն՝ հաշվի առնելով մեր տարաձայնությունները»,- նշել է Մերկելը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի վերջին Սոչիում կայացած «երկար եւ մանրամասն» զրույցը:

Անգելա Մերկելը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ կանոնավոր շփումներ են ընթանում նաեւ G20 ձեւաչափով: Կանցլերի խոսքով՝ միջազգային քաղաքականության մեջ բազմաթիվ քայլեր, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, նա համակարգում է գործընկերների, հատկապես՝ Ֆրանսիայի հետ: