ՀՀ կառավարությունում հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաների եւ բողոքի ակցիաների մասնակից միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ: Ուղեւորափոխադրողները մեկ անգամ եւս ներկայացրին իրենց խնդիրները եւ պահանջները, նաեւ դրանց լուծման իրենց տարբերակները։

Նրանք պահանջում են ժամանակավորապես կասեցնել  իրենց գործունեության համար սահմանված 50.000 եւ 150.000 ՀՀ դրամ հարկերի եւ պետական տուրքի վճարումը եւ օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ստեղծված իրավիճակի լուծման հնարավոր տարբերակներ՝ կարեւորելով պետության, փոխադրողների եւ ուղեւորների շահերը։

Առաջարկված խնդիրները բաժանվեցին երկու խմբի՝ ներկայում ստեղծված իրավիճակի արագ կարգավորում, հետագայում՝ ճանապարհային քարտեզի մշակում եւ դրանից բխող օրենսդրական փոփոխությունների իրականացում:

Կողմերի միջեւ ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի՝ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու եւ փոխադրողների միջեւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով փոխադրողները կարող են մասնակցել առաջիկայում հայտարարվող մրցույթներին, որի ընթացքում պետք է հաղթահարեն ուղեւորների սպասարկման որակի եւ անվտանգության նվազագույն շեմը:

Մրցույթները թափանցիկ իրականացնելու համար առաջարկվեց մրցութային հանձնաժողովներում ընդգրկել հասարակական կազմակերպությունների եւ մասնագիտական որակավորում ունեցող ներկայացուցիչների: