Նույնիսկ կտրված գլխով թունավոր օձը կարող է վտանգ ներկայացնել կյանքի համար, ինչում իր սեփական փորձով համոզվել է Տեխասի բնակիչը: Այս անսովոր միջադեպի մասին լրագրողներին պատմել է տուժածի կինը՝ Ջենիֆեր Սաթքլիֆը, փոխանցում է BBC-ն:
Վերջինիս խոսքով՝ իր ամուսինն այգում փորելիս ավելի քան մեկ մետր երկարությամբ թունավոր օձի է հանդիպել: Առանց վարանելու նա վերցրել է բահը եւ մեկ հարվածով կտրել է սողունի գլուխը, հաղորդում է KIII հեռուստաալիքը: Երբ տղամարդը կռացել է օձի մնացորդները աղբը նետելու համար, կտրված գլուխը խայթել է նրան: Ընդ որում, գլուխը բաց է թողել դրանում եղած ողջ թույնը, այլ ոչ թե՝ մի մասը, ինչպես կլիներ սովորական խայթոցի դեպքում:
Ինչպես պատմում է Ջենիֆեր Սաթքլիֆը, տղամարդն իրեն անմիջապես վատ է զգացել, կորցրել է տեսողությունը եւ նրա մոտ ներքին արյունահոսություն է սկսվել: Սովորաբար, ասում է տուժածի կինը, խայթվածին հակաթույնի մեկ կամ երկու չափաբաժին է անհրաժեշտ լինում, սակայն այս դեպքում տղամարդուն դեղամիջոցի 26 չափաբաժին են ներարկել:
Խայթոցից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում բժիշկները կասկածում էին, որ տղամարդը կենդանի կմնա, սակայն այժմ նա գտնվում է կայուն վիճակում: Մանսագետների խոսքով՝ մահացած թունավոր օձի խայթելու ռեֆլեքսը կարող պահպանվել շուրջ մեկ ժամ, անգամ եթե նրա գլուխը կտրված է մարմնից:





























