Կաթողիկոսը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնող խմբի անդամների հետ հանդիպումից հետո:
«Մենք ինքներս ունենք մտահոգություններ, որոնց մասին ևս բարձրաձայնեցինք: Նրանք մտահոգություններից բացի ներկայացրեցին մի շարք մեղադրանքներ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասին, որոնց վերաբերյալ ես որևէ փաստական նյութ չտեսա: Ես ինքս կարող եմ ստորագրել մի փաստաթղթի տակ, որ եկեղեցում ունենք մի շարք խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծել, բայց նաև կարող եմ արձանագրել, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր»,-ասաց նա:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը տարօրինակ համարեց, որ առաջ քաշված խնդիրները լուծելու համար միակ ճանապարհը նախաձեռնությունը տեսնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի մեջ:
Անդրադառնալով նրան, որ նախաձեռնության անդամները պատրաստվում են դիմել վարչապետին, եպիսկոպոսն ասաց, որ եկեղեցին կրոնական կառույց է և կարծում է, որ քաղաքական իշխանությունները ձեռնպահ կմնան ներեկեղացական խնդիրներին միջամտելուց:




























