ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիպում հայտնի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր, «The Boston Globe» պարբերականի հետաքննական թիմի հիմնադիր-անդամ Սթիվեն Քյուրքչյանի հետ:
Հանդիպման թեման Գյումրու ողբերգությունն էր, որը տեղի էր ունեցել 30 տարի առաջ: Իր ելույթի ընթացքում անվանի լրագրողը խոսեց Գյումրու երկրաշարժի, մարդկային խեղաթյուրված ճակատագրերի եւ սովետական ղեկավարության անպատասխանատու գործունեության մասին:
Սթիվեն Քյուրքչյանը ներկայացրեց ամերիկյան հասարակության անդրադարձն այդ ողբերգությանը, ինչպես նաեւ խոսեց Բոստոնում ապրող այն հայերի մասին, ովքեր շատ արագ կարողացել են արձագանքել եւ անգամ պետական ոլորտներում օգտագործել իրենց անձնական կապերը, որպեսզի կարողանան անհրաժեշտ օգնությունը եւ սարքավորումները տեղափոխել Գյումրի:
«Տեղի ունեցածը, իհարկե, մեծ ողբերգությունն էր,- ասաց Սթիվեն Քյուրքչյանը,- սովետական իշխանությունները ճիշտ չեն կարողացել կազմակերպել իրենց քայլերը՝ արագ արձագանքելու ու մարդկանց օգնելու հարցում: Շենքերի սեյսմակայունության խնդիրը մեծ բացթողում էր, որի պատճառով նման ուժգնության երկրաշարժի դեպքում զոհերի թիվն անհամեմատ ավելի շատ եղավ:
Սթիվեն Քյուրքչյանն իր ելույթում առանձնահատուկ անդրադարձավ նաեւ այն ընտանիքիների պատմություններին, որոնք կարողացել են հաղթահարել ողբերգությունը: «Ի վերջո, յուրաքանչյուր իրադարձություն մեզ համար դաս է, որը սովորեցնում է ուժեղ լինել ու հաղթահարել ողբերգությունը»,- վերջում հավելեց Սթիվեն Քյուրքչյանը:
Հայտնի լրագրողի ելույթին հաջորդեց Անահիտ Հարությունյանի խոսքը, ով նույնպես հետախուզական լրագրության ներկայացուցիչ է: Անահիտը ծնվել է Գյումրիում:
Նա իր խոսքում հատուկ անդրադարձավ Գյումրու համար անջնջելի հետք թողած տնակների թեմային:
«Տնակներն այնքան մնացին Գյումրիում, որ մարդիկ սովորեցին դրանց,- իր խոսքում ասաց Անահիտ Հարությունյանը,- 2013 թվականին, երբ բնակարաններ էին հանձնում մարդկանց, նրանք այլեւս չէին ուզում տեղափոխվել. մարդիկ արդեն սովորել էին տնակներին, իրենց տնկած ու մշակած այգիներին: Կառավարության կողմից կատարած վատ աշխատանքի մասին են խոսում այն փաստերը, որ մինչ այժմ Գյումրիում կան տնակներ, կեցության անմարդկային պայմաններում շարունակում են ապրել բազմազավակ ընտանիքներ»:
«Երկրաշարժից երեսուն տարի է անցել, բայց քաղաքում զգացվում է երկրաշարժի շունչը, այնպիսի տպավորություն է, թե այն ընդամենը մի քանի ամիս առաջ է տեղի ունեցել,- իր ելույթում ասաց Անահիտ Հարությունյանը,- բայց իրավիճակն էլ ավելի է ծանրանում, երբ տեղեկություններ են տարածվում, որ նոր կառուցված եւ կառուցվող շենքերը նույնպես անվտանգ չեն»:
Անահիտ Հարությունյանը կոչ արեց այն լրագրողներին, ովքեր պատրաստվում են Գյումրիում անօթեւանների խնդրին անդրադառնալ, զգոն լինել, ճշտել այդ ընտանիքն արդյո՞ք նախկինում բնակարան չի ստացել եւ ինչո՞ւ է նորից ապրում տնակում:
«Եվ չնայած այն մեծ ողբերգությանը, որը պատահեց մեր երկրին, Գյումրին ընտրեց ապրելու ճանապարհը: Դրա վառ ապացույցը երկրաշարժից հետո ծնելիության աճն էր»,- իր խոսքը եզրափակեց Անահիտ Հարությունյանը:





























