Աշխարհի հզորագույն սուպերմարկետներից մեկը՝ «Քարֆուրը» Հայաստանում թերթի բուդկայի տարածքի չափ տարածքում պետք է սկսեր աշխատել. հիմա այդպես չի լինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ մի շարք սուպերմարկետների հայտնի հայտարարությանը, որ պայմանավորվածություն են ունեցել աշխատել 2 տոկոս շրջանառության հարկով. «Իսկ ինչո՞ւ այդ հայտարարության մասին չեն տեղեկացրել «Քարֆուրին»: Ինչու նա չէր միացել այդ հայտարարությանը: Աշխարհի հզորագույն սուպերմարկետներից մեկը Հայաստանում թերթի բուդկայի տարածքի չափ տարածքում պետք է սկսեր աշխատել: Հիմա այդպես չի լինի, իհարկե: Ես հասկանում եմ, թե սա ինչ ազդեցություն է ունենում մեր երկրի վրա: Մարդիկ դրսում լսում են, որ «Օրանժը» Հայաստանում չի կարողացավ աշխատել, «Քարֆուրը» չի կարողանում աշխատել: Բա որ նրանք չեն կարողանում, բա էլ ո՞վ կմտածի գալ ու աշխատել այստեղ: Մեր գործողություններն անձնավորված չէ, մենք խոսում ենք ներդրումների դաշտ ապահովելու մասին»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ սուտ են տեղեկությունները, թե իբր սուպերմարկետների հայտնի հայտարարությունից հետո եղել է պայմանավորվածություն, որ 2 տոկոսի փոխարեն 5 տոկոսով են աշխատելու՝ շրջանցելով 20 տոկոս ԱԱՀ-ով աշխատելու պահանջը. «Ոչ մի պայմանավորվածություն չի եղել սուպերմարկետների հետ, եղել է հանձնարարություն ՊԵԿ-ին, որ բոլորը պետք է աշխատեն օրենքի դաշտում, ինչպես աշխատել է «Քարֆուրը»: