Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը շարունակում է պնդել, թե ԼՂՀ-ն դադարել է ուղղակիորեն մասնակցել բանակցություններին ոչ թե 1998, այլ դեռեւս 1996 թվականից, երբ Հայաստանի իշխանությունները ինչ-ինչ պատճառով համաձայնել են դրան: Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքին տված հարցազրույցում Սողոմոնյանը մեկնաբանել է նախօրեին, կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
«Անցած տարիներին կարգավորման գործընթացը մշտապես ընթացել է երեք հարթություններում: Դրանք են. երկու բանակցային գործընթացները եւ մոնիտորինգի միջոցով զինադադարի պահպանմանն ուղղված ջանքերը: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված է եղել ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գործողությունների մեջ: ԼՂՀ-ն ուղղակիորեն ներգրավված չի եղել ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների ձեւաչափում: Այստեղ ԼՂՀ շահերը պաշտպանել է ՀՀ նախագահը` համաձայնեցնելով իր գործողությունները ԼՂՀ նախագահի հետ: 10 տարի Ռոբերտ Քոչարյանը, ունենալով ԼՂՀ առաջին նախագահի կարգավիճակ, այնուամենայնիվ կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձեւաչափում ԼՂՀ իշխանություններին փոխարինելու հնարավորությունը: Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաեւ ԼՂՀ ներկայացուցչի կողմից: Այնպես որ, ԼՂՀ-ն ըստ էության ներգրավված է բանակցային գործընթացում, թեեւ ոչ լիարժեք ձեւով»,- ասել է Սողոմոնյանը:
Նա նաեւ միանշանակ ողջունելի է համարել նոր իշխանությունների մղումը` ԼՂՀ-ն դարձնել նաեւ նախագահների միջեւ առկա բանակցային ձեւաչափի մասնակից: «Իհարկե, պետք է ձգտել բոլոր գործընթացներում Ստեփանակերտի ուղիղ եւ լիարժեք մասնակցությանը: Լավագույնը կլիներ ԼՂՀ եւ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների ձեւաչափը, որը առավել ճշգրիտ կարտացոլեր հակամարտության էությունը: Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Այլ հարց է, թե որքանով դա իրագործելի նպատակ է, գոնե այսօր: Եվ մեկ այլ հարց է` թե ինչ հետեւանքների կբերի ՀՀ իշխանությունների փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից»,- ասել է Սողոմոնյանը։
Նշենք, որ նախօրեին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Փաշինյանը անդրադարձել էր ղարաբաղյան կարգավորման թեմային, հայտարարել, թե Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք եւ արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: «Այն որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ.-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում եւ մինչեւ 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձեւաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաեւ Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետեւաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես»,- ասել էր Փաշինյանը։




























