Սեւանի դատարանի մոտ հնչած կրակոցներից հրազենային վիրավորվում ստացած, Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին՝ Ռաֆիկ Հակոբյանը վիրահատվել է, նրա վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը:
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի աղմկոտ սպանության գործով նիստից առաջ` Սեւանի դատարանում:
Փաստաբանը դեպքի մանրամասները պատմեց, ըստ որի դեպքը շատ անսպասելի էր տեղի ունեցել:
«Դատարանի բակում հավաքված, կանգնած սպասում էինք, որ գնանք դատական նիստի: Այդ պահին ինչ-որ մեքենաներ մոտեցան, մարդիկ իջան: Մեկը ավտոմատով սկսեց սպառնալիքներտալ, ասում էր` կսպանեմ, կխփեմ, կգյուլեմ ու սեռական բնույթի հայհոյանքեր էր տալիս: Այդ սպառնալիքներն ուղղված էին Անդրանիկ Հակոբյանն էր: Ամբաստանյալի՝ Մեխակ Հարությունյանի քեռին էր եւ պապիկը, բոլորը գոռում էին Գագո, մի արա, Գագո, մի արա: Քեռին նստեց մեքենան, շրջադարձ կատարեց ու հետո հանեց երկարափող հրացանը եւ կրակեց Անդրանիկ Հակոբյանի ուղղությամբ: Այդ ամենը տեւել է մի 10 րոպե, ես կարողացա Անդրանիկ Հակոբյանին տանել դատարանի կողմը, նա էլ իր բարեկամներին գոռաց հետ քաշվեք, ով հասցրեց, սյուների հետեւում թաքնվեց, ով էլ չէ` դատարանի շենք մտավ: Ակնհայտորեն կրակողի` Գագիկ Հակոբյանի գործողություններն ուղղված չէին ոստիկաններին, այլ ուղղված էին Անդրանիկ Հակոբյանին: Մի խոսքով` կարծես կռիվ կինո լիներ էդ դեպքը»,- պատմեց փաստաբանը:
Փաստաբան Հովսեփ Սարգսյանը հավելեց, որ այս դեպքը կապում են քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի հետ, սակայն ինքը բոլորին հորդորում է դիմել Քննչական կոմիտե, պարզելու թե ինչ կապ ունի Նորատուսցի Ալիկը` դեպքի հետ:
Նշենք, որ Նորատուսցի Ալիկը սպանված Հայկ Հակոբյանի հեռավոր ազգականն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որդատարանի բակում կրակող տղամարդը ներկայացրել է ոստիկանություն եւ հանձնել զենքը:
Հիշեցնենք, որ Մեխակ Արտակի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել եւ կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ եւ գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 07-ին,ժամը 12.20-ի սահմաններում սպանել է համագյուղացի, ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Անդրանիկի Հակոբյանին: Հավելենք, որ այսգործով նիստերը պարբերաբար լարված մթնոլորտում են անցել. եւ դատարանը որոշել էր նիստերը դռնփակ անցկացնել:




























