2017 թվականին մասնավորեցվել է երկու ընկերություն. Մասնավորապես մասնավորեցվել է «Բյուրեղ» ՓԲԸ-ի 9,034 տոկոս պետական բաժնեմասը եւ «Ընդերքաբան» ԲԲԸ-ից առանձնացած «Ընդերքաբանի Մեղրաձորի բազա» ԲԲԸ-ի 100 տոկոս պետական բաժնեմասը: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 մլն 415 հազար դրամ, որից մոտ 4 մլն դրամը փոխանցվել է համայնքների բյուջե:
«Պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել թվով 10 գնորդներ, որոնցից 6-ը պարտավորությունները կատարել են: Նրանցից երեքը՝ «Ռենդիզել» ՓԲԸ, «Գյուղատնտեսական տեխնիկա փորձարկում եւ ներդրում» ԲՓԸ եւ Գանձաքար կինոթատրոնի 540,9 քմ շենքի հետ կապված գնորդների կողմից պարտավորությունները չկատարելու հիմքով հայցեր են ներկայացվել դատարան: Իսկ մեկ կազմակերպության՝ «Դվին հյուրանոց համալիր» ՓԲԸ-ի գնորդի կողմից պայմանագրով լրացուցիչ պարտավորությունների կատարման ժամկետների փոփոխման հարցը գտնվում է քննարկման փուլում:




























