Համատիրությունների լուծարումը գերխնդիր չէ, անհրաժեշտ է «Բազմաբնակարանային շենքերի կառավարման մասին» մեկ կենսունակ օրենք ընդունել: Նման կարծիքը հունիսի 13-ին «Բազմաբնակարանային շենքերի կառավարման մասին» նոր օրինագծի քննարկման ժամանակ հայտնեց Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը բնակարանային կոմունալ տնտեսությունների ոլորտը կարգավորող երկու օրենք ունի: Սա «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքն է, որում թվարկած են կառավարման ձեւերը, որոնցից մեկը համատիրությունն է, եւ մյուսը՝ հենց «Համատիրությունների մասին» օրենքն է:
«Օրենսդրական բացերն այս ոլորտում արդեն վաղուց զգացվում են, եւ, իհարկե, կա վարչարարության բարեփոխման անհրաժեշտություն: Մեր նպատակը ոչ թե համատիրությունների լուծարումն է, այլ՝ բնակարանային կոմունալ տնտեսությունների ոլորտի մասին միասնական կենսունակ օրենքի ընդունումը»,- ասաց նա:




























