Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ներքին գործերի նախարարությանը եւ Աշխատանքի նախարարությանը հանձնարարել է պարզեցնել օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր կացության եւ կացության թույլտվությունների տրամադրման կարգը: Խոսքը ռուսերենին տիրապետող եւ Ռուսաստանում ապրել եւ աշխատել ցանկացողների մասին է, հայտնում է «Իզվեստիա»-ն:
Համապատասխան հանձնարարականը տրվել է նախագահի հետ «ուղիղ գծի» արդյունքներով եւ հրապարակվել է Կրեմլի կայքում հունիսի 26-ին:
Մասնավորապես, պետության ղեկավարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում փոփոխել օրենսդրությունը: Հանձնաժողովը պետք է կատարի հանձնարարականը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 31-ը:
Հունիսի 19-ին ՌԴ ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը հայտարարել է, որ իր գերատեսչությունն ակտիվորեն աշխատում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցնելու ուղղությամբ: Առաջին հերթին, սա վերաբերում է Ուկրաինայից փախստականներին:





























