Սուրեն Պապիկյանը հանգստյան օրերը կնվիրի համայնքային այցելություններին Հունիսի 23-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներ:
Այցի առաջին կանգառը Պտղունք համայնքն էր, որտեղ տեղի միջնակարգ դպրոցի վթարային պայմաններին ծանոթանալուց հետո նախարարը հավաստիացրել է, որ իր իրավասության շրջանակում հետամուտ է լինելու դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։
Այնուհետեւ Փարաքար, Արագած, Գայ, Մեծամոր, Արմավիր, Սարդարապատ, Բաղրամյան համայնքներում նախարարը խորհրդակցություններ է անցկացրել մարզպետ Գագիկ Միրիջանյանի եւ 95 համայնքապետերի մասնակցությամբ։ Քննարկվել են համայնքային առաջնահերթ նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնց թվում նախարարը կարեւորել է համայնքի եկամուտների հավաքագրման եւ հարկահավաքության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը։
«Արարատյան դաշտը հանրապետությունում աչքի է ընկնում ամենաբարեբեր հողերով, բայց միեւնույն ժամանակ` հարկահավաքության ամենացածր ցուցանիշներով»,-նշել է նախարարը՝ հորդորելով հարկահավաքությունն իրականացնելիս ապահովել համայնքի բնակիչների համար թափանցիկ գործելաոճն ու համայնքի միջոցների նպատակային օգտագործումը։
Ընդհանուր խնդիրների շարքում համայնքի ղեկավարները ներկայացրել են համայնքներում խմելու եւ ոռոգման ջրի ապահովման, գազամատակարարման, ճանապարհաշինության խնդրահարույց կողմերը, որոնք նախարարի հավաստիացմամբ լիազոր մարմիններում բարձրաձայնվելու են, քննարկվելու եւ ստանալու արդյունավետ լուծումներ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ համայնքների սոցիալ-մշակութային կյանքի բարելավմանը, կրթական եւ մշակութային հաստատությունների բարեկարգմանն առնչվող խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։ Նախարարը համայնքի ղեկավարներին իրազեկել է կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ դրանց դիմելու վերջնաժամկետների մասին եւ հորդորել մեծացնել դրանցից օգտվելու համայնքի հնարավորությունը։
Սուրեն Պապիկյանը կարեւորել է նաեւ պաշտոնյայի՝ հասարակության հետ մշտապես հաղորդակից լինելու առաքելությունը՝ ուղղորդելով համայնքի ղեկավարներին որդեգրել նոր գործելաոճ եւ սերտացնել կապը համայնքի բնակիչների հետ։
«Պետք է դուրս գալ գրասենյակային պաշտոնյայի հոգեբանությունից։ Նախարարները ու առաջին հերթին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը պետք է ճանաչեն Հայաստանն ամբողջությամբ, հասկանան, թե ինչ խնդիրներ կան Երեւանից դուրս։ Ինքս ամռան ընթացքում` հանգստյան օրերին, լինելու եմ տարբեր համայնքներում, ծանոթանալու եմ գյուղացիների խնդիրներին,պատասխանելու եմ նրանց հետաքրքրող հարցերին, նաեւ ստանալու եմ ինձ հուզող հարցերի պատասխանները»,-նշել է նախարարը։ Այս հարցում նա մեծապես կարեւորել է նաեւ մարզպետ Գագիկ Միրիջանյանի համայնքային այցելությունները եւ հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։
Մարզպետ Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցելությունների համար եւ հավաստիացրել, որ համատեղ ուժերով կգտնեն մարզի առջեւ ծառացած խնդիրների լուծման ամենաօպտիմալ տարբերակները։
Այցի ավարտին նախարարը եղել է բերքի մթերման կետերից մեկում, ծանոթացել է ծիրանի մթերման գործընթացին։





























