«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին մեղադրանք առաջադրվեց «Բանանցի» մարզիկին կաշառելու համար։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 3-ին «Շիրակ» ՖԱ-ի մարզչական տնօրեն Ա.Հարությունյանը հանդիպման է հրավիրել «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին եւ կաշառք առաջարկել՝ «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների՝ մայիսի 5-ին նախատեսված խաղի ժամանակ սխալներ թույլ տալու եւ պարտվելու համար։ Հանդիպումը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում գործող սուպերմարկետներից մեկի մոտ՝ Ա.Հարությունյանին պատկանող ավտոմեքենայի մեջ։

Քննության տվյալներով՝ Ա.Հարությունյանը մրցակից ակումբի ֆուտբոլիստին, ով նախկինում խաղացել է «Շիրակ» ՖԱ-ում, առաջարկել է 5.000 ԱՄՆ դոլար՝ խաղը պարտվելու դիմաց, որից 1.000 ԱՄՆ դոլարը տվել է նույն օրը՝ որպես կանխավճար, իսկ մնացած մասը խոստացել փոխանցել խաղի ավարտին՝ պարտությունից հետո։ Ֆուտբոլիստը վերցրել է գումարը, ապա՝ այդ մասին հայտնել «Բանանց» ակումբի տնօրինությանը։ Ֆուտբոլիստը հայտնել է, որ գումարը վերցրել է, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն իրեն պարտք է եղել՝ չվճարված բոնուսների համար։ Կատարվածը փաստերով ներկայացնելու նպատակով վերջինս իր հեռախոսի «whatsapp» հավելվածով՝ հաղորդագրությունների տեսքով, շփվել է մարզչական տնօրենի հետ եւ հաղորդագրությունները ներկայացրել ակումբի ղեկավարությանը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ այսօր՝ հունիսի 27-ին, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչական տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով (Մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցներին ու կազմակերպիչներին, ինչպես նաեւ հանդիսավոր առեւտրային մրցույթների կազմակերպիչներին ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամներին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ որեւէ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ այդ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: