Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Վայոց ձորի մարզային վարչության եւ Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մալիշկա համայնքի ղեկավարը եւ նրա որդին` «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016թ. հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձեւակերպել տնօրենի կնոջը, ով վերջիններիս գիտությամբ մինչ օրս փաստացի աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, սակայն որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 2.163.400 դրամ գումար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Միաժամանակ պարզվել է, որ 2017թ. ընթացքում Մալիշկա համայնքի թվով 11 բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն, ձեւակերպվել եւ դուրս է գրվել ընդհանուր 410.000 ՀՀ դրամ գումար, որը նշված անձանց փաստացի չի վճարվել, այլ համայնքապետարանի գլխավոր հաշվապահի կողմից առձեռն տրվել է համայնքի ղեկավարին, ով նշված գումարը տնօրինել է անձնական նպատակներով:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ հունիսի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագորրծելով, իր կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի եւ ամսական ստանում են ընդհանուր 800.000 - 900.000 դրամ:

Պարզվել է նաեւ, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:

Կատարվում է քննություն: