Լեզվի պետական տեսչությունից Լեզվի կոմիտե անվանափոխությամբ աղետալի փոփոխություններ տեղի չեն ունենա, կոմիտեն կունենա վերահսկողության գործառույթներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին «Լեզվի պետական տեսչությունից՝ լեզվի կոմիտե. ինչպե՞ս բարձրացնել արդյունավետությունը» թեմայով քննարկմանն ասաց Լեզվի պետական տեսչության նախկին նախագահ Լեւոն Գալստյանը։

«Լավ կլիներ որ Լեզվի կոմիտեին մենակ չթողնեին, քանի որ լեզվական քաղաքականությունը միայն որեւէ հաստատության խնդիրը չի։ Բոլոր գերատեսչություններ իրենց անելիքն ունեն»,–նկատել է նա։

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյան էլ առաջնային է համարում լեզվաքաղաքականության սկզբունքների մշակումը Լեզվի կոմիտեի կողմից, քան գովազդների կամ ցուցանակներում սխալների հայտնաբերումը եւ դրանց համար տուգանելը։

Նա համոզված է՝ պետք է միջոցառումներ ձեռնարկել հայոց լեզվի գերակայությունը երկրում ապահովելու համար։