ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 26-ին հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցել են չորացված մթերք արտադրող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդգծելով վերամշակող ճյուղի կարեւորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցում` Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է այս ուղղությամբ իրականացվող նոր ծրագրերի եւ նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես, հանդիպման մասնակիցներին ներկայացվել է լիզինգային նոր ծրագիրը, որի շրջանակում մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով շահառուները հնարավորություն կստանան ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը, այդ թվում` նաեւ չորանոցներում եւ սառնարանային տնտեսություններում կիրառվող սարքավորումներ։ Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել ընթացիկ տարում:
Այնուհետեւ ընկերությունների ներկայացուցիչները կիսվել են իրենց հուզող խնդիրներով, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տեղական չրերի ինքնարժեքի նվազեցմանը եւ որակի բարձրացմանը, միջազգային շուկայում տեղական արտադրանքի մրցունակության ապահովմանը, չրագործության ոլորտում սեզոնային զբաղվածության խթանմանը, ինչպես նաեւ ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:
Առանձնահատուկ կարեւորվել է նոր սորտերի ստեղծման եւ չրերի տեսականու ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Արթուր Խաչատրյանն իր հերթին նույնպես կարեւորել է Հայաստանի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի մշակումը եւ նշել, որ այս խնդիրը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթությունների թվում է:
Անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, որի շրջանակներում տրամադրվում են տարեկան առավելագույնը մինչեւ 12% անվանական տոկոսադրույքով նպատակային վարկեր, որոնց մինչեւ 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3 %:
Հանդիպման ավարտին նախարար Արթուր Խաչատրյանն առաջարկել է ներկաներին համատեղ գույքագրել բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկները եւ կազմել չրագործության ոլորտի հետագա զարգացման համապարփակ ծրագիր:




























