ԽՍՀՄ ժամանակներում հայտնի հայ գիտնական Լեւոն Խաչիկյանի գործունեությունը հրաշքի էր հավասարազոր: Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալովՄատենադարանի հիմնադրի դերին, որի 100-ամյակն այսօր նշվում է միջազգային գիտական համաժողովով, ասաց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Նրա խոսքով՝ Լեւոն Խաչիկյանը անգնահատելի ներդրում է ունեցել հայագիտության զարգացման գործում: «ԽՍՀՄ-ի ժամանակներում նրա գործունեությունը հավասարազոր էր հրաշքի, քանի որ աթեիստական գաղափարախոսությամբ երկրում Մատենադարան ստեղծվեց, որտեղ գրեթե հարյուր տոկոսով կրոնական բովանդակությամբ ձեռագրեր էին ուսումնասիրվում եւ ցուցադրվում, այդ թվում նաեւ՝ հոգեւորականության ջանքերով ստեղծված»,- ասաց նա:

Տեր-Ղեւոնդյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Խաչիկյանն քննադատության է ենթարկվել Կոմունիստների կողմից իր կադրային քաղաքականության համար: «Միջնադարի, գրաբարի (հին հայերեն) մասնագետներ էին անհրաժեշտ, եւ Խաչիկյանը փորձագետների էր ընդունում աշխատանքի, որոնք, օրինակ, աքսորից էին վերադարձել կամ ավարտել էին հոգեւոր ճեմարանը: Դրա համար նա ստիպված էր լուրջ դժվարություններ հաղթահարել»,- ասաց Մատենադարանի տնօրենը:

Իր հերթին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Խաչիկյանը հեղափոխական մտածողությամբ մարդ էր: Միեւնույն ժամանակ նախարարը մատնանշեց գիտության մեջ այդպիսի հեղափոխականների ներգրավման անհրաժեշտությունը: «Խաչիկյանը մեծ ներդրում է ունեցել հայագիտության զարգացման գործում, օգնել է նորովի նայել մեր պատմությանը, հատկապես՝ միջնադարյան ժամանակաշրջանի: Մենք կարող ենք հպարտանալ Մատենադարանով»,- ընդգծեց նա:

Այսօր՝ հունիսի 28-ին, Մատենադարանում մեկնարկել է Մատենադարանի հիմնադիր եւ տնօրեն Լեւոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային հայագիտական համաժողովը: Միջոցառմանը մասնակցում են գիտության ներկայացուցիչներ Հայաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Հունաստանից եւ Ուկրաինայից: Կոնֆերանսի շրջանակներում ավելի քան 70 զեկույց է ներկայացվելու ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն թեմաներով: Միջոցառումը կավարտվի հունիսի 30-ին՝ Մատենադարանում գրքերի շնորհանդեսով: