ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին առաջարկել է դուրս գալ Եվրոպական միությունից։

Washington Post–ը, վկայակոչելով եվրոպական պաշտոնյաներին, գրում է, որ ապրիլին Մակրոնի հետ հանդիպմանը Թրամփը նրա հետ քննարկել է առեւտրային հարցեր։ Ինչ–որ պահի նա հարցրել է Մակրոնին. «Ինչո՞ւ դուք դուրս չեք գալիս ԵՄ–ից»։ Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփը նշել է, որ եթե Ֆրանսիան դուրս գա ԵՄ—ից, ապա նա պատրաստ է Փարիզին երկկողմ առեւտրային գործարք առաջարկել լավագույն պայմաններով։     

Բացի այդ, վերջերս Թրամփը G7 երկրների առաջնորդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն նույնքան վատն է, որքան ՆԱՖԹԱ–ն (Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը)՝ նշելով, որ Ամերիկան պետք է դուրս գա դաշինքից։ Թրամփը նաեւ իրեն թույլ է տվել հանրային հարձակումներ գործել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ։ Այս խորացող միտումը տանում է անխուսափելի եզրահանգման՝ Թրամփը չի հավատում ԵՄ–ի եւ ՆԱՏՕ–ի շարունակական «սրբությանը», ինչպես նաեւ Միացյալ Նահանգների հավատարմությանը այդ կառույցներին, գրում է պարբերականը։

Այս շաբաթ տված հարցազրույցի ժամանակ պետքարտուղար Մայք  Պոմպեոն հայտարարել է, որ նախագահը փորձում է «վերբեռնել» լիբերալ աշխարհակարգը, ոչ թե «ապամոնտաժել» այն։ Այսպիսով, Թրամփը ցանկանում է դաշնակիցներին ստիպել համաձայնել այն բարեփոխումների հետ, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ շահերի արտացոլման համար։ Պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը պնդում է, որ տարաձայնությունների հարթումը, օրինակ առեւտրային ոլորտում, կարող է ուժեղացնել դաշինքը ՌԴ-ի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության համար։

Սակայն, Եվրոպայում այլեւս չեն հավատում Թրամփին։ Նրանք չեն հավատում, որ կարելի է վերականգնել տրանսատլանտյան կամուրջը։ Եվրոպան այլ տարբերակ չունի, քան ԱՄՆ առաջնորդությանը այլընտրանք որոնել։