Հաշմանդամությամբ երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցները շարունակում են ուսանելու ընդունել բացարձակապես առողջ երեխաներին: Այս մասին հուլիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կրթության հարցերով փորձագետ Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով՝ սա կապ ունի բացառապես ֆինանսական հարցերի հետ: Այսպես՝ հաշմանդամությամբ երեխայի ուսուցման համար պետությունը տարեկան միջինը 1,2 մլն դրամ է հատկացնում, մինչդեռ առողջ երեխայի ուսուցումը հանրակրթական դպրոցում արժե 125 հազար: Այսպիսով, հատուկ դպրոցները աշակերտների թիվն արհեստականորեն մեծացնում են առողջ երեխաներին ներգրավելու ճանապարհով՝ իրենց ֆինանսավորումը մեծացնելու նպատակով: Անահիտ Բախշյանի ուշադրության կենտրոնում են հայտնվել Երեւանի 3 հատուկ դպրոցներ՝ մտավոր հետամնաց երեխաների N2 եւ N6 դպրոցները, եւ խոսքի խանգարմամբ երեխաների համար նախատեսված N8 դպրոցը: Երեք ուսումնական հաստատություններում էլ սովորում է բացարձակապես առողջ երեխաների մեծ տոկոս:

Փորձագետն ուշադրություն հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ այս տարի Երեւանում այդպես էլ չբացվեցին մանկավարժահոգեբանական ծառայությունների երեք մասնագիտացված կենտրոնները, որոնց փորձագետներն, ըստ էության, պետք է օժանդակություն ցույց տային ինկլյուզիվ դպրոցներին՝ ուսումնական ծրագրերի մշակման եւ այլ հարցերում: Այս փաստը մտահոգություն է առաջացնում, քանի որ Հայաստանը մինչեւ 2025 թվականը պետք է անցնի լիովին ինկլյուզիվ կրթության, ինչը կօգնի հաշմանդամությամբ երեխաների սոցիալական ադապտացիային: Նրա խոսքով՝ միաժամանակ, մի շարք ինկլյուզիվ դպրոցներում կրճատում են հոգեբանի եւ ուսուցչի օգնականի հաստիքները:

ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանն իր հերթին նշեց, որ ընթացիկ տարվա հունվարին կրթության ոլորտի ֆինանսավորումը կրճատվել է միջինը 700 մլն դրամով: Մինչդեռ հաշվի առնելով, որ սեպտեմբերին դպրոցների աշակերտների թիվը կաճի առաջինդասարանցիների հաշվին, դպրոցների ղեկավարությանը լուրջ ապրումներ են սպասում ֆինանսական վերաբաշխումների պատճառով: Այսպես, նրա տեղեկություններով, իրավիճակից ելք գտնելու համար որոշ դպոցներում սկսել են կրճատել պահակի եւ մաքրողի հաստիքները: